Thursday, May 1, 2008

Մեկշաբաթյա "օրինական միգրացիա" անօրինականն ուսումնասիրելու համար - III. որպես ամփոփում















Ի՞նչ պատճառներ են հայերը ներկայացնում Գերմանիայում ապաստան հայցելու համար: Չորս` ազգությամբ հայեր են Ադրբեջանից, ընդդիմության հալածվող ներկայացուցիչ են, իրենց երկրում ինչ-որ մեկն իրենցից անօրինական գումար է փորձում կորզելլ և իրենք անպաշտպան են, վերջապես` հիվանդ են հիվանդությամբ, որն անբուժելի է Հայաստանում: Հայցերի վիճակագրությունը վերջին մի քանի տարում երկրի ողջ տարածքում.

2005թ. - 678 դիմում
2006թ. - 426 դիմում
2007թ. - 341 դիմում
2008թ. առաջին եռամսյակ - 62, ըստ կանխատեսումների` տարվա մեջ կլինեն 250 դիմումներ:

Հայերի կողմից ներկայացված քանի՞ հայց է բավարարվել.
2005թ. - 3
2006թ. - 0
2007թ. - 2
2008թ. առաջին եռամսյակ - 0

Ընդհանրապես հայցվորների միայն 30%-ն է կարգավիճակ ստանում, սակայն դա ներառում է ոչ թե փախստականի կարգավիճակը, այլև տարբեր միջանկյալ կարգավիճակներ, որոնցից մեկն իմ ականջին հնչեց ինչպես "դուլդունգ":-), այսինքն ժամանակավոր կացության իրավունք, համենայն դեպս մեր թարգմանչուհին այդպես բացատրեց: Կարգավիճակն ստանալուց երեք տարի հետո այն վերանայվում է: Հայցը մերժելու դեպքում սովորաբար կայացվում է երկրից արտաքսելու մասին որոշում: Սակայն սա այնքան էլ միանշանակ չէ, որովհետև դա անելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան փաստաթղթեր: Այս գործընթացը կարող է տարիներ տևել, որի ընթացքում հայցվորին տեղափոխոմ են հատուկ ճամբար կամ որևէ համայնք: Մերժման դեպքում հայցվորների մեծամասնությունն արագորեն օգտվում է դատարանում այդ որոշումը վիճարկելու իր իրավունքից, որը նույնպես բավականին ժամանակատար գործընթաց է և այդ ընթացքում նրան երկրից արտաքսել չեն կարող:

Եթե վերջինս ինչ-որ հանցագործության համար չի բռնվել, իհարկե: Այս դեպքում նրան արտաքսում են Գերմանիայից, սակայն հնարավորություն են տալիս դատարանի որոշմանն սպասել իր երկրում, այսինքն դատական գործընթացը չի ընդհատվում այն պատճառով, որ հայցվորն այլևս Գերմանիայում չէ:

Մյունխենում օդանավակայանի ոստիկանությունը մեզ մանրամասն ներկայացրեց արտաքսման քաղաքականությունը: Ի դեպ, ես ուզում եմ Գերմանիայի անտառներն ու ոստիկաններին և ես Հայաստանում կսկսեմ ապրել իմ երազած երկրում:-) Սարսափելին բարետես ոստիկանի պատմություններն էին այն մասին, թե ինչպես են արտաքսման ենթակա մարդիկ պահում իրենց օդանավակայանում, որպեսզի երկրից իրենց դուրս չբերեն.
- սկսում են անդադար գոռալ ու ճչալ: Գիտեն, որ ոչ մի ինքնաթիռի հրամանատար չի համաձայնվի իրեն այդ վիճակում վերցնել նավ:
- ինչ-որ սուր բան են գտնում, օրինակ` վերնազգեստի շղթայի երկաթն ու փորձում կտրել երակները:
- ուտում են սեփական անձնագիրը:
- սեփական մեզն ու կղկղանքն են քսում իրենց վրա:

Իսկ ոստիկանը նրան չի հարվածում, բերանը չի փակում, որովհետև նախկինում եղել են դեպքեր երբ նման ծայրահեղ հոգեբանական վիճակում գտնվելու պատճառով, նման միջոցների ձեռնարկման արդյունքում այդ մարդիկ մահացել են: Ուղղակի փակում են մեկուսարանում:

***

Արևելյան Վեստֆալիան գեղեցիկ է` կանաչ, մաքուր, քամոտ, արևոտ: Մարդիկ ջերմ են, բարեկազմ, բարետես: Քաղաքավարի, ժպտում են միայն, եթե ցանկանում են ժպտալ, արհեստականություն երբեք չտեսա: Ապրում են և ընթացքում գտնում առկա հնարավորությունների սահմաններում հավանական արդյունավետությունը: Եթե երբևէ նորից հայտնվեմ այստեղ, ապա կցանկանայի Երկրի այս գեղեցիկ անկյունում գտնել միայն մի գեղեցիկ ծաղկաթերթ, որ զարդարելու է իմ կյանքը Հայաստանում:

Wednesday, April 30, 2008

Մեկշաբաթյա "օրինական միգրացիա" անօրինականն ուսումնասիրելու համար - II. նախաճաշ բանտում

"Բանտ" կոչվածը սոճիների անտառում թաքնված կառույց էր, որը ճանապարհին պատահած ֆերմաներից տարբերվում էր բետոնի և փշալարերի առատությամբ: Այն երկու մասից էր կազմված. մի մասը սովորական բանտ էր, որտեղ իրենց պատիժն էին կրում հիմնականում այն օրինազանցները, ովքեր չեն կարողացել մուծել հանցանքի համար որպես պատիժ նախատեսված տուգանքը և փոխարենը ստիպված էին երեք ամիս անցկացնել այս բանտում, իսկ երկրորդ մասը նախատեսված էր երկրից արտաքսվելու ենթակա կալանավորների համար: Մեզ բնականաբար հետաքրքրում էր երկրորդը: Երկար երկհարկանի մասնաշենքում ախտահանման նյութերի նույն հոտն էր, բայց չգիտեմ ինչու այստեղ մենք ավելի հաճախ էին ժպտում, քան նախնական ընդունելության կենտրոնում: Պատճառը միգուցե մեր բա՜ա՜ա՜աարձրահասակ, ժպտադեմ բանտապահն ու նրա ամրակազմ գործընկերն էին, ով պատասխանատու էր հենց արտաքսման համար: Նրանք մեզ պատմում էին, որ բանտախցերը երկու տեսակ են այստեղ` առաջինը նախատեսված մեկ հոգու համար և երկրորդը` մի քանի հոգու համար: Բնականաբար, հաշվի էին առնվում կալանավորների ցանկությունները` եթե նախընտրում է առանձին լինել, տեղավորում են մեկտեղանոց խցերում: Բոլոր խցերում հեռուստացույց կար:

- Մենք անչափ կարևորում ենք, որպեսզի այստեղ գտնվողները կարողանան իրեն երկրից պարբերաբար լուրեր ստանալ:
- Այսինքն նրանց հաղորդակցումը սահմանափակվա՞ծ չէ:
- Ոչ, իհարկե, հակառակը: Տեսնո՞ւմ եք միջանցքում տեղադրված հեռախոսները: Բոլորը կարող են զանգել իրենց հարազատներին: Մենք նույնիսկ խրախուսում ենք, որպեսզի իրենք դա անեն: Ունենք տեսակցությունների սրահ, որտեղ կալանավորի հարազատները կարող են տեսակցել նրա հետ: Ու ընդհանրապես, հոգեբանական ու վերականգնողական աշխատանքները մեր գործունեության հիմքում են, որովհետև դրա արդյունքում ավելի հաճախ ենք խուսափում վարքի ծայրահեղ դրսևորումներից: Նրանք այստեղ կարող են աշխատել, բնականաբար դրա համար ստանալով որոշակի դրամական փոխհատուցում: Մեծ գումար չի, օրական 9 եվրո, բայց շատերն են նախընտրում աշխատանքը:

Այստեղ մարզասենյակներն են: Երևի նկատեցիք, որ այս սենյակներն այնքան էլ հարմար չեն մարզվելու համար, սակայն մենք փորձում ենք հնարավորինս բարելավել մեր պայմանները: Շուտով նոր կառույց կունենանք, ավելի ընդարձակ: Այստեղ արհեստագործական սենյակներն են:

Մենք անցնում ենք երկար միջանցքով, որի պատերին գունավոր նկարներ են:

- Մեր կալանավորներն են այսպես ինքնաարտահայտվում: Իմիջիայլոց, մեծամասնության հեղինակն անցյալ տարի այստեղ գտնվող մի հայ էր` Վարդան Բրուտ:
- Իսկ ովքե՞ր են ընկնում ձեզ մոտ, բոլոր նրանք, ում հայցը չի՞ բավարարվում:
- Ոչ, ինչ եք ասում, միայն նրանք, ովքեր հայցի մերժումից հետո հրաժարվում են հոժարակամ հեռանալ երկրից, կամ ովքեր փախուստի են դիմում և հայտնաբերվում ոստիկանության կողմից:

Բանտն այնուամենայնիվ բանտ է, բացի բետոնե պարիսպները, փշալարերն ու խցերը, այստեղ մեկուսարան կա, դեղնավարդագույն մի սենյակ, որտեղ միայն այդ պատերն են, դու և ինչ-որ տարօրինակ, ձվաձև, շարժուն պատկեր, որն անընդհատ պտտվում է պատերից մեկին: Ասացին, որ դա հոգեբանորեն դրական ազդեցություն ունի այստեղ հայտնված մարդու վրա: իսկ հայտնվում են այստեղ իրենց անկառավարելի ագրեսիվության կամ ինքնասպանության փորձի համար:

Մեր վերջին կանգառը կալանավորների համար նախատեսված աշխատավայրն էր, մեծ սրահներ, որտեղ նրանք թղթապանակներ էին հավաքում: Մի քանի ընկերություններ պայմանագրեր են կնքել այս հաստատության հետ և նրանց են վստահում իրենց աշխատանքների մի մասը: Աշխատանքի որակին հետևում են խստորեն, որովհետև այդ համաձայնությունները բավականին պարտավորեցնող են և օգնում են հոգալ հաստատության որոշակի կարիքներ:

Մեր այցն ավարտվեց տվյալ պահին այդ հաստատությունում գտնվող 158 արտաքսման ենթակա կալանավորներից միակ հայի` Արթուրի հետ հարցազրույցով, որին ցավոք ներկա չեղա, սակայն հասցրեցի իմանալ, որ նա անհամբեր սպասում է ապրիլի 30-ին իր Հայաստան վերադառնալուն: Կամ արտաքսմանը...

Մեկշաբաթյա "օրինական միգրացիա" անօրինականն ուսումնասիրելու համար - I














Մյունխենի օդանավակայան, արտաքսման ենթակա մարդկանց համար նախատեսված սպասասենյակ

"Ժամերն անցնում են, օրերն անցնում են ու թառամում են ծաղկի պես..."

Ամեն ինչն է թառամում, կարևորը, որ "ծաղկի պես"... Մարդը հրաշալի ծաղիկներ է ստեղծել, սակայն ոչինչ երբեք ավելի գեղեցիկ ու ներդաշնակ չի եղել, ինչպես բնության կողմից իրեն պարգևված հողում բնականոն ծիլ տվող, բողբոջող, փթթող ու թառամող ծաղիկը: Ծաղիկն այլ հողում աճեցնելու մարդկային փորձերը կարող են պսակվել զգլխիչ հաջողություններով կամ հուսահատեցնող պարտություններով:

****

Մեքենայի պատուհաններից մեզ հետևող վերստֆալյան հիասքանչ անտառների կարճատև, կանաչ ուրվանկարներին հաջորդում էին երկարատև հանդիպումները Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունն իրականացնող հաստատությունների աշխատակիցների հետ: Եթե երբևէ մտադիր ես ապաստան հայցել Գերմանիայում, պետք է պատրաստ լինես անցնել այս շրջանը.

  1. հայցվորների նախնական ընդունարան /վեցօյա կացության իրավունքով/
  2. հայցվորների ճամբար /եռամյսա կեցության և խիստ սահմանափակ տեղաշարժման իրավունքներով/
  3. դատարան /եթե հայցը մերժվել է/
  4. նոր ճամբար /վեցամսյա կացության և սովորաբար հողի սահմաններում ամփոփող տեղաշարժման իրավունքով/
  5. հայցի բավարարում և տեղաբաշխում որևէ համայնքում` փախստականի կարգավիճակով կամ հայցի երկարատև քննում` "հանդուրժողականության կացության" կարգավիճակով, այսինքն իրավունք չունեմ քեզ արտաքսելու, այդ իսկ պատճառով հանդուրժում եմ քո ներկայությունն իմ երկրում` քեզ տալով որոշակի իրավունքներ` աշխատանքի, ուսման, տեղաշարժի
  6. արտաքսում երկրից` հոժարակամ կամ բռնի
Ամեն ինչ մտածված է, տրամաբանական: Առաջին հանդիպումն ապաստան հայցողների նախնական ընդունելության կենտրոնն է Դորթմունդում: Ճանապարհը մայրուղուց թեքվում է ձախ, ու հայնտվում ենք ցանկապատի մոտ, որի վրա նոր լվացված գորգեր են չորանում: Արևելյան զարդանախշերով: Գերմանական շրջանակակված խնամքի հետ պայծառ հակասություն էր:

Կենտրոնում հայտնվում են բոլոր անօրինական միգրանտները և փախստականները: Ապրում են վեց օր: Նախկին բրիտանական զորանոցի շենքերում, որոնք բուրում են ախտահանման նյութերով, ճաշարանային սննդով ու թանկարժեք օծանելիքով (մեզ ուղեկցող Մարի Լուիզն իսկապես նրբաճաշակ կին է, չնայած իր ցանցառ գանգուրներին, խռպոտ ձայնին ու քառակուսի, պինդ քայլվածքին): Իսկ ինչպես գտնել այդ կենտրոնը: Շատ պարզ. առաջին պատահած ոստիկանի մոտ պետք է արտաբերել միայն մի բառ. "ազյուլ", այսինքն ապաստան: Քեզ ուղեկցում են բոլոր հողերում առկա նման մի կենտրոն, որտեղ փորձում են ի մի բերել այն ամենն, ինչ հարկավոր է իմանալ, որպեսզի դու լինես դու: Սակայն անօրինական միգրացիայի դեպքում բոլորովին պարտադիր չէ, որպեսզի դու դու լինես, կարող ես հազարումի ուրիշ դու լինել, օրինակ` Տոֆիկ, Ադրբեջանից: Ապաստան հայցողների ճնշող մեծամասնությունն ինքնությունը հաստատող փաստաթղթեր չունի: Գերմանիա հասնում են սեփական անձնագրերով, որոնք այլևս առհավետ "կորչում են", կամ կեղծ փաստաթղթերով, որոնց վավերացումը գրեթե անհնարին է:

Նախնական ընդունարանում ներկայանում ես, փաստում պատճառները, թե ինչու ես ապաստան հայցում, և քո դիմումն այնուհետև հայտնվում է արտասահմանցիների գործերով զբաղվող գրասենյակում, իսկ դու` համապատասխան ճամբարում, որտեղ կարող ես բնակվել մոտավորապես երեք ամիս, մինչ տարբեր չինովնիկներ փորձում են պարզել, թե դու համապատասխանում ես արդյոք կարգավիճակ ստանալու չափանիշներին, թե` ոչ:

Այստեղ առաջին անգամ մի հետաքրքիր փաստ իմացանք. կենտրոնում սոցիալական աշխատանքներն իրականացվում էին մասնավոր ընկերության կողմից: Հետագայում պարզվեց, որ ճամբարների աշխատանքների կառավարման մեջ սա Գերմանիայում ընդունված պրակտիկա է: Հողի ղեկավարությունը համապատասխան գումարն առաջարկում է որևէ մասնավոր ընկերության, որը եղած հնարավորությունների սահմաններում ապահովում է համապատասխան հաստատության առօրյան:

Կենտրոնի աշխատակիցները պատրաստ են ամեն ինչի` լռության, հիստերիայի, խաբեության, ճշմարտության: Հանգիստ կատարում են իրենց գործը` բացում են հերթական թղթապանակը և լցնում են այն նոր "եսի" վերաբերյալ ճիշտ կամ սուտ տվյալներով: Մեզ հպարտությամբ տեղեկացրեցին, որ ամբողջ Գերմանիայով մեկ այդ անձանց վերաբերյալ միայն մեկ գործ է բացվում: Ամեն ինչ հստակ է, փոխկապակցված, չի կրկնվում, չի կորչում, պատշաճորեն մի մակարդակից փոխանցվում է մյուսին:

Ինչպես մենք` նախնական ընդունելության կենտրոնից անբասիր ասֆալտեպատ ճանապարհներով տեղափոխվեցինք անտառում ապաստանած եռամսյա ճամբարը: Մեր շրջայցն սկսվեց մանկապարտեզից, որտեղ մի ութ երեխա` տարբեր գույների ու տարիքների, ուրախ կամ տխուր նկարում էին, գրում, զրուցում: Կողքի սենյակն այսպես կոչված "կանանց ակումբն" էր, որի կահավորանքը հիշեցնում էր գեղեցիկ, անտեր առարկաների հավաքածո: "Ակումբը" հարմարավետ էև, կանացիորեն թեթևսոլիկ, փոքր-ինչ անհամապատասխան "ճամբար" հասկացությանը:

Ճամբարի շենքերը հիշեցնում էին երկրաշարժից հետո Հայաստանի հյուսիսում հայտնված երկար, միապաղաղ շինությունները, որոնք առաջարկում էին հարմարավետության նվազագույն պայմաններ` մեկ սենյակ, մի քանի մահճակալ, սեղան, աթոռներ ու պահարան: Այս ճամբարում տարբեր մասնաշենքերի մուտքերի մոտ մեծ նկարների էին փակցված, որոնք շենքից շենք տարբերվում էին: Ճամբարի տնօրենը բացատրեց, որ իրենց մոտ երբեմն հայտնվում են մարդիկ, ովքեր թվեր չգիտեն և արագ կողմնորոշվելու համար նրանց ասում են, օրինակ`"Ձեր սենյակը կատվով շենքում է":

Այդ պահին ճամբարում մի հայ ընտանիք կար` երիտասարդ կին` որդու և եղբոր հետ: Հարցրեցինք` հնարավո՞ր է հանդիպել: Շրջայցի ընթացքում հայտնեցին, որ կինը համաձայնվել է հանդիպել: Վերջում, երբ պատրաստվում էինք մոտենալ նրանց մասնաշենքին, ճամբաի տնօրենը մեզ զգուշացրեց, որպեսզի ուշադիր լինենք մեր իրերին. կինը բազմիցս բռնվել էր գողության մեջ: երկու անգամ տարբեր տեղերից հայնաբերել էին գողոնի պահուստները: Զարմացած հարցրեցինք, թե արդյոք ինչ-որ կերպ նա պատժվել է այդ արարքի համար: "Այո, իհարկե, տուգանվել է:" Եվ թերևս նման բնութագիրը բացասականորեն կանդրադառնա հայցի վերաբերյալ վերջնական որոշման վրա: "Ընդհանրապես", նկատեց տնօրենը, "շատ քչերն են փախստականի կարգավիճակ ստանում, հայցվորների մոտավորապես 1.5%, և նրանք հիմնականում Իրաքից են կամ Աֆղանստանից": Զրույցն ընդհատվեց, երբ մեզ հաղորդեցին, որ կնոջ եղբայրը թույլ չի տվել նրան հանդիպել հայկական պատվիրակության հետ: Խոսակցության թեման մեր խմբում. "Դե ամոթ ա, էլի, հային սազական բան ա՞..": Ինչո՞ւ, կա՞ որևէ ազգ, որին գողությունը "սազական ա"...

Ինչևէ, ճամբարում կարելի է աշխատել, օգնել աշխատակիցներին և օրեկան մինչև 19 եվրո ստանալ: Սնունդը, հիգիենայի պարագաները անվճար են: Էներգիայի, ջրի վարձ չկա: Կարելի է գնալ կողքի փոքրիկ համայնքները "շոփինգի": Դրախտ, մի խոսքով: Բայց հոտավետ դրախտ, որտեղ ճաշը քո լավ ու վատ տրամադրության հոտը չունի, որտեղ ամբողջ օրը չես բողոքում գործընկերներիդ բամբասչիությունից, չես ուրախանում հաջող աշխատանքային հոգնությամբ, չես զարմանում քեզ հիշած բարեկամի կամ ընկերոջ "Ինչ կա-չկա" զանգից, որտեղ սպասում ես, գրեթե համոզված լինելով, որ հայցդ մերժվելու է: Տեղեկատվությունն այս երկրում բաց է, վիճակագրությունն էլ գրպանումդ չես պահի. 1.5% բոլորին է հայտնի:

Նմանատիպ մեկ այլ ճամբար այցելեցինք կողքի հողում`Սաքսոնիայում: Վերջինս ավելի մեծ էր` 550 հայցվոր տեղավորելու կարողությամբ, և այստեղ նրանք կարող էին ապրել գրեթե կես տարի: Սակայն այստեղ որոշակիության աստիճանը բարձր էր. նրանց հայցերը մերժված էին, իրենք էլ ենթակա էին արտաքսման: Բայց հիշո՞ւմ եք, ես խոսում էի հոժարակամ արտաքսման մասին: Նույնիսկ բառակապակցությունն է տարօրինակ թվում, բայց հավատացնում եմ, կարելի է և հոժարակամ արտաքսվել: Ինչպե՞ս: Ահա այսպես.

Դու աշխատում ես ճամբարի որևէ աշխատակցի հետ, որին այսպես ասած "կցված" ես: Նա քեզ բացատրում է, թե ինչ է քեզ սպասվում իր երկրում, ինչ` քոնում: Քեզ առաջարկում են մի շարք դասընթացներ. գերմաներենի, համակարգչային գրագիտության, պատշարության, ատաղձագործության և այլն: Ասում են, այդպես քո երկրում ավելի մրցունակ կարող ես դառնալ: Հայաստանում շա՞տ կան գերմաներեն ու համակարգչային հմտություններ ունեցող մարդիկ: Նույնիսկ վկայական են տալիս, որը վավեր է ճանաչվում Գերմանիայի ողջ տարածքում (ինչ անենք, թե չես կարող աշխատել): Իսկ որպեսզի ավելի համոզիչ թվա քո պայծառ ապագան, քո երկիր վերադառնալու համար քեզ տալիս են 1000 եվրո, որպեսզի վերադարձը ավելի սահուն լինի: Աստված մի արասցե հիվանդ լինես, քեզ դեղորայք գնելու համար գումար կտան նաև մեկ տարվա ընթացքում: Ամեն ամիս մոտավերապես 200 եվրո կուղարկեն քո երկիր:

Ճամբարի տնօրենը նշեց, որ այս ծրագիրն սկսվել է ընդամենը 2005-ին, և սկզբում ոչ ոք չէր հավատում դրա հաջողությանը: Ճիշտ է, հիմա էլ են ստիպված լինում որոշ մարդկանց բռնի արտահանել երկրից, բայց այս ծրագրի շնորհիվ մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցաբար ընտրում են հոժարակամ վերադարձը: Անցյալ տարի, օրինակ, 94 մարդ հոժարակամ է վերադարձել իր երկիր, ի տարբերություն 16 բռնի արտաքսվածների: Ախր արտաքսումը հողի վրա ավելի թանկ է նստում...

Ճամբարում գտնվող 40 հայերից ոչ ոք չցանկացավ հանդիպել մեզ: Իսկ մենք տեսանք դպրոցը, որտեղ Անին գերմաներեն էր սովորում, տեսանք երկու թմբլիկ տղաներին, որոնք սայլակով զբոսանքի էին դուրս բերել իրենց փոքրիկ եղբորը և մեր կողքից անցնելիս մեծը փոքրին գերմաներեն ինչ-որ բան ասաց, որից հասկացա միայն "արմենիշը": Իռայի հարցին` "Բալիկ ջան, հա՞յ եք", թմբլիկը փոքր-ինչ քամահրանքով արձագանքեց. "Հա": Այցելեցինք մի քանի արհեստանոցներ, իմացանք, որ այդտեղ վերապատրաստվողները կարող են աշխատանք գտնել նաև մոտակա համայնքներում, բացի ճամբարի ներսում եղած հնարավորությունները:
Իսկ եթե հրաժարվեցիր վերադառնալ, եթե արտասահմանցիների գործերով գրասենյակի աշխատակիցը կասկածեց, որ նշված օրը քեզ չի գտնի նշված վայրում, իր կամ ոստիկանների ուղեկցությամբ հայտնվում ես արտաքսման ենթակա մերժվածների համար նախատեսված բանտում:

Wednesday, March 19, 2008

Մեր Նանաշոն

Տատն ու պապն իրեն կոչել էին "Արմենուհի": Ոչ ոք երբևէ իրեն այդպես չանվանեց: Արմիկ, Սվետիկ, Սվո... Մինչև մորս "Նանը" դարձավ "Նանաշո": Փոքրամարմին, ուղիղ, սև, կարճ մազերով ու ամեն ինչ ջերմագույն ժպիտի տակ թաքցրած կրակոտ աչքերով այս երիտասարդ աղջիկը բոլորին հիշեցնում էր Միրեյ Մատյոյին` իր նեղ ջինսե տաբատով, գլխի շարժումին հնազանդ կլոր սանրվածքով ու իր կրքոտ կենսախնդությամբ:

Նանաշոն բոլորի սիրելին էր. միշտ վրա էր հասնում, երբ ոչ ոքից այլևս օգնություն չէր կարելի սպասել, տղաները վստահում էին կանանց մասին ամենաթաքուն գաղտնիքները, կանայք` տղամարդկանց հանդեպ իրենց զգացմունքները: Արմիկին միշտ կարելի է խնդրել բացատրել, գծագրել, կուրսային գրել: Ամեն ինչ անում էր ժպիտով, կարծես առանց որևէ ջանքի:

Երբ ավարտեց պոլիտեխնիկը, ամռանը մենք գնացինք Ադլեր, ինքը` Ալավերդի: Վերադարձին իմացանք, որ Նանաշոն նշանվել է: Մայրս չէր կարողանում տեղը գտնել, հայրս` վիրավորված էր. եթե կյանքում առանցք պետք է լիներ, Նանաշոյի համար դա հայրս էր, իսկ հիմա ինքն առանց այդ առանցքի ճանապարհ է ընկել... դեպի ընտանիք, որ հորս համար սրբություն է:

Երբ մերոնք հանդիպեցին Նանաշոյին, վերջինս ժպտաց ու ասաց ընդամենը սա. "Եթե դուք էստեղ լինեիք, երբեք չէիք համաձայնվի..." Մայրս ասում է, որ Նանաշոն սիրում էր իր կուրսեցի Ստյոպին, որը մեր շրջկոմի նախագահի տղան էր: Շատ լավ ընկերներ էին: Մի քանի անգամ վերջինս Նանաշոյին ճանապարհում է Ալավերդի ու "երևի իմացավ, որբ էրեխա ա, հերն ալկահոլիկի մեկն ա էղել, ինքն է շրջկոմի նախագահի տղա: Էլ չճանապարհեց..." Իսկ Հայկասարը համառ էր: Նանաշոն դեռ առաջին կուրսում էր, ես էլ մի, թե երկու տարեկան: Հայրս մտնում է տուն, տեսնում ինչ-որ անծանոթ մարդիկ են նստած: "Եկել ենք ձեր աղջկան ուզելու": Հայրս տարակուսում է, "Իմ աղջիկը մի տարեկան է": Հայկասարի ծնողներն էին: Աղջիկն էլ պապայի մեծն էր` Նանաշոն: Պապային դուր չեն գալիս անծանոթները. "Ես ամուսնացնելու աղջիկ չունեմ":

Նանաշոն նուրբ, խորը կին էր: Հայկասարը` վայրենի տղամարդ: Մի օր Ալավերդում մորաքրոջս տանը հյուրընկալելիս մայրս որոշեց հյուր գնալ Նանաշոյին: Զանգեց, պարզվեց չի կարող ընդունել: Մայրս զարմացավ, բայց մտածեց, դե երևի կեսուր, հարևան, բարեկամ, ոչինչ, հաջորդ օրը կգնա: Մյուս օրը Նանաշոն երևի չկարողացավ լուրջ պատրվակ գտնել: Մի քանի ժամից մայրս վերադարձավ` խեղդվելով անզուսպ հեկեկոցներից: "Մինչև աչքերը կապտուկների մեջ էր էրեխեն..."

Մայրս Հայկասարին երբեք չներեց: Հայրս ու ինքը երբեք չկարողացան իրար աչքերի մեջ նայել: Նանաշոն շարունակեց ապրել Հայկասարի հետ ու ժպտալ. "Չէ, երեխեքին չեմ կարող առանց հոր թողնել":

Անցան տարիներ: 90-ականներին գնացին Ռուսաստան: Իմացանք, որ Հայկասարը վատառողջ է: Վերջին մի քանի ամիսը շատ վատ էր ու Նանաշոն անխոնջ, ժպտալով, համբերատար խնամում էր: Հուղարկավորության ժամանակ լուռ արտասվում էր ու հետևում, որ ամեն ինչ պատվով ու կարգով լինի...

Նույն փոքրամարմին կինն էր, արդեն կարճ, ալեխառն մազերով ու տխուր, բայց ժպտացող աչքերով: Երկու հասուն տղամարդու մայր...

Thursday, March 13, 2008

Աննա Կարենինա







© Գայանե Տոնիկյան


Լրիվ ուրիշ բաների մասին էի ուզում գրել (օրինակ` նկարի ու գարնանային Երևանի:-)) ու հիմա գրում եմ նրա մասին, ինչի մասին մտածում էի, բայց գրել չէի պատրաստվում: Իմ հիվանդության երկօրյա ընթացքը երևի տասնօրյա թվար, եթե չլինեին "Աննա Կարենինան" և երկու հեռախոսազանգերը...Վեպի վերընթերցանության համար կարելի էր և դիմանալ այս հիվանդությանը:-)

Առաջին ընթերցանութունից հետո մնացել էին ընդհանուր զգացողություններ. ինչ-որ բարձրաշխարհիկ հավաքույթներում տեղի ունեցող խոսակցությունների բզբզոց, Աննայի սիրո ուժգնությունն ու նրա հանդեպ անարդարությունը, Վրոնսկու նկատմամբ ինչ-որ անհասկանալի, բայց որոշակի դառնություն: Հիմա կարդում եմ ու մտածում, թե ես ինչպես կարող էի դա կարդալ 16-ում, երբ աշխարհից բան չէի հասկանում, կամ էլ ռոմանտիկ նիհիլիզմով էի տառապում:-)

Հրաշալի վեպ է: Այդքան կերպարների վառ, անկրկնելի նկարագրությունն ուղղակի ապշեցնում է: Ոչ մի կերպարը մյուսին չի կրկնում` Լևին, Օբլոնսկի, Կարենին, Կիտտի, Դոլլի... Ու ինչն է հետաքրքիր. կերպարները զարգանում են իրենց իսկ կերպարի մեջ: Ոչ ոք այդ գծված կերպարային շրջանակից դուրս չի գալիս: Տեսնես, դա յուրահատուկ է 19-րդ դարի վերջի ռուս հասարակությա՞նը, թե՞ հիմա էլ է այդպես: Թերևս հիմա էլ, ուղղակի այսօր փոփոխության խելահեղ տեմպը թույլ է տալիս չզարմանալ նույնքան խելահեղ, բևեռային փոփոխությունների վրա:

Չափազանց հետաքրքիր է ժամանակային ճանապարհորդություն կատարել ու տեսնել, թե այսօր ինչպիսի բարքերի, հավատամքների ու սկզբունքների արդյունք ենք ստացվել: Օրինակ` երբ Լևինը, որպես ազնվական, հայտնվում է 19-րդ դարավերջի Մոսկվայում, այսպես է նկարագրում իր կյանքն ու զբաղմունքը քաղաքում` խոսակցություններ, միայն: Առավոտից երեկո, ու ժամանակ չկա... Քաղաքում ազնվականը, փաստորեն, պորտաբույծ էր: Նույնիսկ պետական ծառայությունն ընդամենը որոշակի խոսակցություններ վարելու համար ստեղծված միջավայր էր:-)

Կանայք... Դոլլիի անկեղծ զարմանքը, որ կարելի է նաև ընտրել` երեխա չունենալ, իշխանուհի Շչերբացկայայի տարակուսանքը` ինչպես ամուսնացնել դստերը, երբ իր իմացած բոլոր տարբերակներն արդեն չեն գործում, որոշակի քամահրանքն ու անլրջությունը հանդեպ այն, որ կինը կարող է կարդալ, գրել, մտածել. ամեն ինչ հրաշալի է, եթե նպատակը բարձրաշխարհիկ սահուն խոսակցություն ապահովելն է, իսկ եթե հանկարծ մի քիչ լրջանում է գործը` անմիջապես տարհամոզում են. "Нет, нет, она не женщина-автор!"... Կանայք ամուսիններ են, մայրեր, սիրուհիներ: Կարծես թե վերջ: Նույնիսկ ամենալավերը վերցնում են ինչ-որ դեր ու սկսում այդտեղ անձնազոհաբար լավը լինել, կամ էլ երջանիկ բացառություններով` իրենց տղամարդկանց աջակցությամբ լավը դառնալ հասարակայնորեն ընտրված դերում: Գրում եմ ու մտածում, թե հիմա ինչն է տարբեր: Կարծես թե միակ տարբերությունն այն է, որ ինչ-որ կանայք փորձում են հասկանալ, թե կին լինելու սահմանը վերջանո՞ւմ է որևէ դերով, թե՞ անցնում է անդին:-)

Տղամարդիկ. չինովնիկներ (կարդալով վեպը` հասկանում ես, թե որքան ուրույն տեսակ է սա), լավի սկզբունքներն իրականություն դարձնելու փորձի միակ հավանական կրողներ` սակավաթիվ, անշուշտ, սպաներ (կարող են և առնականության հետաքրքիր կրողներ լինել, բայց բարձրաշխարհիկ հասարակության ներքոհիշյալ միջավայրն այնքան էլ չի նպաստում դրան), լավ հայրեր, տառակեր գիտնականներ, որոնք այդպիսին են դառնում այն պահին, երբ չեն կարողանում իրենց տեսությունները նրբագեղորեն կամ էլ տվյալ պահին զվարճալի համարվող անկեղծությամբ ներկայացնել կանանց սալոնում:-)

Բարձրաշխարհի հասարակություն.
1) ձև` հաճախ շատ գեղեցիկ:-)
2) կեղծավորություն
3) հաճույքը` որպես վերջնանպատակ
4) կրոնը` որպես ամենամիջոց
5) ժառանգորդների բացարձակ անհրաժեշտություն, սակայն, որպես կանոն, նվազագույն անհատական մասնակցություն նրանց դաստիարակության գործում
6) իր տեսակի գերազանցության հանդեպ պարզամիտ ու անկեղծ հավատ
7) ցանկացած բարի գործ հիմնականում կատարվում է` ելնելով բարի երևալու ցանկությունից, բարին որպես նույն այդ հասարակության կողմից լավ ընդունելության արժանանալու հավանակությունից, ձանձրույթից...

Խառնիփնթոր մտքեր ստացվեցին, բայց այս պահին փորձում եմ չկորցել անմիջական զգացողությունները վեպից: Սա էլ արդիականության ախտանիշը` 'հիմա':-)


Thursday, March 6, 2008

Միգուցե դրսի արևից մի ճառագայթ անցնի ներս...

Արտակարգ իրադրությունը շարունակվում է: Առավոտյան Ազատության հրապարակում զինվորները շրջանակում են Թումանյանին ու Սպենդարյանին: Երբեմն ստիպված են լինում լռել կանանց զայրույթի պոռթկումին ի պատասխան: Կողքներով անցնելիս կախում ես գլուխդ: Եվ դու, և զինվորը...

Հեռուստատեսություն դադարեցի նայել երկու օր առաջ: Կիսասուտը թունավորում է ուղեղդ: Բլոգեր փորձում եմ չկարդալ, թեև այնքան էլ լավ չի ստացվում դա անել, որովհետև ...նիրվանայից հեռու եմ, գործողություն եմ ուզում, ուզում եմ ծղոտիկ գտնել կախվելու համար: Բոլորը պիտակներ են... Kornelij-ն միակ բացառությունն է:

Հակամարտություն կա մեր հասարակության մեջ: Բևեռացում: Այսօր Հայկը ասում է բևեռացում չկա ժողովրդի միջև, բևեռացում կա ժողովրդի ու ռեժիմի միջև: Այո, եթե դու եղած տվյալներից նախընտրում ես ընտրել նրանք, որոնք փաստում են հօգուտ քո տեսակետի: Իմ շուրջը կան մարդիկ, որոնց նա անվանում է Ջայլամներ, բայց որոնք նույնքան կիրթ են, նույնքան ցավում են իրենց հայրենիքի համար, նույնքան ոչ-ռեժիմական են, որքան Հայկը: Բայց չեն սատարում Լևոնին: Ասում են ԿԱՆԳՆԵՔ, ՄՏԱԾԵՔ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՂԵՔ, մի կաղապարեք ձեր գաղափարը... Երբ մահակը գլխիդ չի խփել, կարող ես նման բան ասել, իսկ երբ ցավում է մարմինդ ու հոգիդ, վրեժ ես ուզում, արդարություն ես ուզում: Ումի՞ց: Մեր դժբախտությունը նա է, որ մեր իսկ տեսակից...

Երբ առկա է հակամարտություն, կողմերը սովորաբար կարծես թե երկու օրինաչափ վարքագիծ են ցուցաբերում.
ա/ փորձում են ճշմարտությունը գտնել: Դրա համար պետք է սահմանել վատը: Վատի համար պետք է գտնել պատասխանատու: Վերջնական նպատակը` մեղավորների բացահայտում ու պատժում: Ընթացքը մոռացության է մատնում նախանպատակը` ճշմարտության բացահայտումը:
բ/ փորձում են լուծել հակամարտությունը, որովհետև հակառակ դեպքում կորուստները շատ են: Այս դեպքում փորձում են տալ երկու հարցի պատասխան. լավը ո՞րն է և ի՞նչ անել, որ դրան հասնել:

Մենք ընտրել ենք առաջինը... Լավ, գտանք մեղավորին` իշխանություններն են: Փոխեցինք: Ավելի լավո՞վ: Նույնիսկ սա կարևոր չի: Ի՞նչ է լինելու այդ փոփոխությունից հետո: Նոր իշխանության ամրապնդում: Ինչպե՞ս: Նույնպես, ինչպես հիմա: Դա քանդո՞ւմ է արատավոր շրջանը: Իմ կարճ խելքով` չէ: Ի՞նչը կարող է քանդել: Երկխոսությունը: Չի ստացվում: Իշխանություններն անպատկառորեն ստում են, մեղադրում, բռնանում: Ընդդիմությունը ընտրում է միայն իրեն հարմար փաստերը, երբեմն ուռճացնում, մեղադրում, Արևմուտքին հորդորում օժանդակել իրեն: Մեր մեջ չկա մեկը, որ վստահության այնքան արժանի լիներ, որ երկու կողմերին կարողանար նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ... Ողբալի է... Երևի արդեն արժանի ենք դրան, եթե մեր մեջից կեղտն ի վիճակի չենք մաքրել...

Monday, March 3, 2008

Երևան, մարտի 3, 2008

Ուրբաթ երեկոյան վերադարձա Թբիլիսիից: Մնացի Վանաձորում: Ժամը 7-ին տանը բոլորը դադարեցրեցին իրենց գործերը ու հավաքվեցին հյուրասենյակում: Սկզբում չհասկացա: Հետո լսվեց "Ազատություն" ռադիոկայանի ծանոթ երաժշտությունը: Գավառական այս քաղաքում ինֆորմացիայի միակ աղբյուրը:

Մարտի 1: Արթնացա գործընկերուհուս հեռախոսազանգից. "Թումանյանի մոտ կրակոցներ են լսվել: Գործի գնալո՞ւ ենք": Հետո իմացա ընկերների, ծանոթների վնասվածքների մասին... Ժամը մեկ փորձում ենք Ազատությունից, տարբեր բլոգերից, զանգերից ինչ-որ բան իմանալ: Հ1-ով սերիալ է: Զանգում եմ Գլաձոր, որ քաղաքապետարանի դիմացն է: "Սկզբում ուղղակի ինչ-որ ձայներ լսեցինք: Մարդիկ էին հավաքվում, ոստիկաններ: Դե, իրենք էին տարբեր բաներ շպրտում, սկզբում ոստիկանները ուղղակի կանգնած էին: Իրենց գլխներին տարբեր բաներ էին գցում: Հետո մի քանի հոգի փորձեցին մտնել համալսարան: Հետևից ոստիկանները: Ռեկտորը փորձում էր ուսանողներին մի կողմ տանի: Մի երեք հոգի չհասցրեցին փախչել, ցուցարարների հետ խառնվեցին, իրենց "դումբինկաներով" խփեցին... Հետո մարդիկ սկսեցին բարիկադներ սարքել, ու էդ ընթացքում հետևի դռնից ուսանող, դասախոս արագ դուրս եկան"...

Ժամը երեքին քույրս Երևանից դուրս եկավ դեպի Վանաձոր: "Ֆրանսիական դեսպանատնից մինչև կոնյակի գործարան մարդիկ էին", ասաց:

Հինգից հետո LiveJournal-ի բլոգերներից ու Դիտորդից փորձում էինք սուղ տեղեկություններ իմանալ իրադարձությունների մասին, քանի որ ընկերների հեռախոսները երբեմն անհասանելի էին, երբեմն նրանք չէին պատասխանում:

Կարծեմ 10:30 լսեցինք արտակարգ իրադրության մասին հայտարարությունը: Չէինք հավատում ոչ մի բառի... Կեգիշերից հետո իմացանք, որ զոհերի թիվը շատ է, ինչքան, դեռ չգիտեինք, ու որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո ցուցարարները ցրվել են:

Գիշերային իրադարձությունների մասին միակ աղբյուրը մնացին բլոգերը: Հ1-ի տեղեկատվության նպատակը` արդարացնել իշխանության գործողությունները: Տեղեկատվություն չէր, ցավալի խեղկատակություն, որի պատճառով անելանելի հուսահատության մեջ ես ընկնում: Մի ոստիկանից իմացանք, որ իրենք զինված չեն եղել ու մի քանիսը հազիվ են ողջ մնացել: Չհավատել չեմ կարող, եթե դեռ հավատում եմ, որ աշխարհիս երեսին ազնիվ մարդիկ կան...

Կիրակի, մարտի 2-ին Վանաձորից եկանք Երևան: Մինչև գալը, լսեցինք, որ ոչ մի տրանսպորտ չկա դեպի մայրաքաղաք: Հետո, որ ոչ մի երթուղային քաղաք չի մտնում: Ավելի ուշ, որ թողնում են միայն կանանց: Սովորականի պես երթուղայինն իր տեղում էր, նստեցինք, մեր մեջ` 8 տղամարդ: Քաղաքի սահմանին մի 5 ոստիկան կար կանգնած: Անարգելք անցանք սահմանը: Երևան մտնելիս մի զրահապատ մեքենա կար ու մի քանի զինվորական մեքենաներ: Կանգնեցրեցին երթուղայինը: Քաղաքավարի խնդրեցին իջնել մի մասին, որպեսզի երթուղայինի հատակը երևա: Նայեցին, ասեցին "Բարի ճանապարհ" ու հասանք Երևան:

Առավոտյան զանգեցի համալսարան: Առօրյա աշխատանքային օր է, դասեր կլինեն: Քանի որ ուշանում էի, տաքսի եմ կանչում: Վարորդն իմանալով ուղղությունը` վրա է բերում. "Հաղթանակի կամուրջի մոտ տանկեր ու ԲՏՌ-ներ են կանգնած: Գնա՞մ": "Ահա, գնացեք մինչև էնտեղ, որտեղից արդեն թույլ չեն տա": Անցանք կամուրջը: Ոչ ոք չկար: "Արարատ" կոնյակի գործարանի մոտ խցանում էր: Մետրոպոլի մոտ Գլաձոր տանող ճանապարհի վրա մի քանի զրահապատ մեքենաներ ու զինվորներ կային կանգնած: Կամուրջի վրա վարորդն ասաց, "Քուրո ջան, քո համար եմ էսքանն էլ գնում: Տղա լինեիր, չէի քշի: Համ էլ Գլաձորում մի ամիս դաս չի լինի, ընենց են քանդել սաղ...": Ասում եմ, "Կանգնեք": Իջնում եմ, մի քիչ քայլեցի դեպի հյուրանոց, հասա զինվորներին: Հարցնում եմ, "Կարելի՞ է անցնել": Ասում են, իհարկե, անցեք: Քայլում եմ դատարկ փողոցով: Հասա համալսարան: Նորմալ վիճակում էր: Ուսանողներ չկային: Քայլեցի դեպի Հանրապետության հրապարակ: Մյասնիկյանի արձանի մոտ մի 30-հոգանոց ջոկատ կար, զինվորներ, ոչ ոստիկաններ: Ուղղակի կանգնած էին:

Միֆերը կրքեր են բորբոքում, երբ պետք է խոհեմ լինել...

***********

Ո՞վ է մեղավոր: Բոլորս. իշխանությունը, ընդդիմությունը, ես, որ կողքից նայում էի... ու եթե փորձենք մեղավորների բացահայտման գործով զբաղվել, ավելի շատ արյուն կթափվի... Ին՞չ կարելի է անել: Չգիտեմ: Ես ուզում եմ, որ վարչապետը ներողություն խնդրի ստեղծված իրավիճակի համար, որ ցավակցի բոլոր զոհվածների հարազատներին ու տուժածներին: Որ չստի: Որ խոստանա առաջիկա մի տարում աշխատել ընդդիմության հետ ու փոխհամաձայնության արդյունքում մեկ տարի հետո նոր ընտրություններ լինեն` արդար: Արդարությունը թող վերահսկեն ինչ-որ ժողովրդական խմբեր, մարդիկ, որ միշտ բողոքում են անարդարությունից: Բաց է, կարող ես գալ գրանցվել 5-հոգանոց խմբում ու հսկել:

Ես ուզում եմ, Որ Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի ստեղծված իրավիճակի համար, որ ցավակցի բոլոր զոհվածներին ու տուժածներին: Որ խոստանա առաջիկա մի տարում աշխատել իշխանությունների հետ ու փոխհամաձայնության արդյունքում մեկ տարի հետո նոր ընտրություններ լինեն:

Հնարավոր չի...

Ես ցավում եմ ընկերներիս համար ու ինձ համար, որ չեմ կարող միանալ նրանց, որովհետև ես չեմ կարողանում ինձ համոզել հանուն ընկերության միանալ նրանց արդարությանը... Իմ արդարությունը չեմ գտնում էդտեղ... Ես չեմ հավատում, որ եթե շաբաթ երեկոյան 5-ին որոշ ապաքաղաքական մարդիկ արդեն գիտեին, որ նոր բախում է լինելու և քաղաքապետարանի մոտից փորձում էին իրենց ընկերներին հեռացնել, այդ մասին անտեղյակ էր Տեր-Պետրոսյանը... Ես չեմ հավատում արյունահեղափոխությանը... Ես չեմ հավատում, որ մահակավորի մահակը իր վրա հետ չի գալու... Ու Սերժն ինչպե՞ս է երդվելու որպես այս երկրի նախագահ...